ԱՄՆ-ն ծրագիր ունի, որը մեկ տարուց Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի վերացմանը կհանգեցնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, չնայած ԱՄՆ հետախուզական ծառայությունը հայտնել է, որ Փհենյանը մտադիր չէ լիովին հրաժարվել իր զինանոցից, հաղորդում է AP-ն:

Ըստ Բոլթոնի, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մոտ ժամանակներս այս ծրագիրը կքննարկի Հյուսիսային Կորեայի հետ: Նա ավելացրել է, որ Փհենյանն ավելի լավ է համագործակցի, որպեսզի  պատժամիջոցների արագ վերացմանը հասնի:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն երեք շաբաթ առաջ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան հաջորդ երկու տարիների ընթացքում «խոշոր» քայլեր ձեռնարկի միջուկային զինաթափման ոլորտում՝ մինչեւ 2021 թվականի հունվարը, երբ լրանում է Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետը:

The Washington Post-ը, հետախուզության  ներկայացուցիչներին վկայակոչելով, հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեան մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային պաշարներից:

Ամերիկյան պաշտոնյան Associated Press-ին հաղորդել է, որ Post- ի զեկույցը ճշգրիտ է եւ որ գնահատականն արտացոլում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ կառավարական գործակալություններում հետեւողական տեսակետը:

Բոլթոնը հրաժարվել է մեկնաբանել հետախուզական հարցերը: Նա ասել է, որ վարչակազմը լավ տեղյակ է վերջին տասնամյակների ընթացքում Հյուսիսային Կորեայի ծառայության ցուցակի մասին:

 «Մենք ծրագիր ենք մշակել: Ես վստահ եմ, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկայում այն կքննարկի հյուսիսկորեացիների հետ», - ասել է Բոլթոնը: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող տարեկան ծրագիրը ընդգրկում է ԿԺԴՀ-ի քիմիական եւ կենսաբանական զենքը, ինչպես նաեւ միջուկային ծրագրերը եւ բալիստիկ հրթիռները: