Հայ ժողովուրդը հանդգնեց իր ազատության եւ անհատական իրավունքների պայքարի համար փողոց դուրս գալ: Այս մասին ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով, Հայաստանում շարժումը շատ նման էր Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի գործողություններին:

Ռիչարդ Միլսը իր ելույթում նշել է, որ վերջերս եղել է Վաշինգթոնում, որտեղ այցելել է Smithsonian Folklife Festival, որն այս տարի նվիրված է հայկական մշակույթին: «Կարող եմ ասել, որ ամերիկացիները սիրահարվում են հայկական մշակույթին, ավանդույթներին եւ խոհանոցին: Հույս ունեմ, որ նրանք նույն կերպ կցանկանան այցելել Հայաստան, որպեսզի զգան ամբողջ ջերմությունն ու բարեկամությունը, որը դուք տվել եք ինձ եւ իմ կնոջը Հայաստանում գտնվելու ժամանակ», - ասել է նա:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ն անհավանական աջակցություն է ցույց տվել Հայաստանին, որն ուղղված է եղել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

 «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունն ակտիվորեն շարունակվում է, եւ մենք ցանկանում ենք խորացնել այն, այդ թվում տնտեսական հարաբերությունները», - ասել է նախարարը:

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը նաեւ բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը `որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: «Հայաստանն անցել է իր պատմության լուրջ փուլը, եւ ձեր երկիրը հիմնարար ներդրում է ունեցել դրանում: Այն, ինչ կատարվեց  Հայաստանում, կատարվեց հայերի կողմից եւ հանուն հայերի», - ընդգծել է նա:

Նշենք, որ այս տարի ընդունելության թեման Լուիզիանան էր` դեսպան Ռիչարդ Միլսի հայրենի նահանգը: