ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը իր անձի կամ իր ընտանիքի անվտանգության առումով մտավախություն չունի։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե չի՞ մտահոգվում իր եւ իր ընտանիքի համար, քանի որ իր աշխատանքն անմիջապես առնչվում է ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Ես չունեմ մտավախություն եւ ասեմ, թե ինչու՝ եթե ամբողջ թիմը ազնիվ է եւ աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի միակ անդամին շարքից հանելը որեւէ էֆեկտի չի կարող հանգեցնել»,–նկատեց նա։
Հարցին, արդյոք նա զանգեր ստացե՞լ է նախկին իշխանություններից, երկրորդ, երրորդ նախագահներից՝ գործերը չբացահայտելու խնդրանքով, ՀՔԾ պետը բացասական պատասխան տվեց. «Ես չեմ կարող այդպիսի զանգեր ստանալ»,–եզրափակեց նա։





























