Եվրախորհրդարանը հուլիսի 4-ին լիագումար նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ հավանությունն է տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնագրին կողմ են քվեարկել 573 «կողմ», 50 «դեմ», 45 ձեռնպահ ձայներով:

Բանաձեւում, որը համաձայնագրի հետ հավանություն է ստացել 598 «կողմ» եւ 52 «դեմ» ձայներով, նշված է, որ գործընկերության մասին նոր համաձայնագիրը ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության իմաստով վերջնակետը չէ, սակայն ներքին բարեփոխումներին ե դրանց իրականացմանն օժանդակելու գործիք է:

Եվախորհրդարանի պատգամավորները Հայաստանին կոչ են անում զգալի առաջընթացի հասնել ընտրությունների անցկացման, դատական մարմինների անկախության, կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ օլիգարխիկ վերահսկողության չարաշահման դեմ պայքարի հարցերում, ինչպես նաեւ լրատվամիջոցների ազատության հարցում: Այս առանցքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը կարող է համագործակցության հետագա հեռանկարներ բացել, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն սկսելու համար, նշված է բանաձեւում:

Եվրախորհրդարանի պատգամավորներն ափսոսում են, որ անհնար է Համաձայնագրում ներառել սակագնային խոչընդոտների վերացումը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պատճառով: Սական նրանք ընդգծում են, որ սա ԵՄ-ին չի խանգարում լինել Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը եւ առաջին դոնորը՝ դրանով ցուցադրելով, որ ԵՄ-ն չի ակնկալում, որ իր գործընկերները պետք է ԵՄ-ի հետ խորը հարաբերություններից օգտվեն երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունների հաշվին:

Նրանք նաեւ Եվրահանձնաժողովին կոչ են անում ապահովել, որպեսզի ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը ուղղված լինի հատվածներին, որոնց առնչվում են ռուսական պատժամիջոցները:

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին՝ կապված խաղաղ իշխանափոխության հետ, նաեւ ողջունում են իրավապահ մարմինների դրսեւորած զսպվածությունը, չնայած խաղաղ ցուցարարների չհմնավորված կալանավորումները մտահոգություն են հարուցում: Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ համագործակցության ընդլայնման հույս ունեն:

«Եվրոպական խորհրդարանում վերջնական քվեարկությունն արտահայտում է հայ քաղաքացիներին վճռական աջակցությունը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել բարեփոխումների ջանքերին, որը նոր կառավարությունը պարտավորվել է անցկացնել: Մենք նրանց կոչ ենք անում շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը եւ ընտրական հիմքի բարեփոխումը՝ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների»,- հայտարարել է զեկուցող Լասլո Տոկեսը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լյուսքսեմբուրգը, Ռումինիան եւ Լեհաստանը: