Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է, որ երկրի պայքարը խորը կոռուպցիայի դեմ դեռ ավարտված չէ, եւ իշխող կոմունիստական կուսակցությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական պետական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ կուսակցության գոյությունը վտանգված է: Դիմելով կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նա նշել է, որ կուսակցության վերջին համագումարից հետո կուսակցական խիստ կարգապահության ապահովմանն ուղղված ջանքերը «զգալի արդյունքներ են տվել»: Այնուամենայնիվ, ըստ նրա, լիարժեք հաջողությունը դեռ հեռու է:

Սի Ցզինպինը նշել է, որ կուսակցությունը պետք է լավ համակարգ մշակի պաշտոնյաների ուսուցանման, ընտրության, կառավարման եւ նշանակման համար: «Պաշտոնյաների առաջադրման եւ նշանակման ժամանակ չափանիշները պետք է պայմանավորված լինեն նրա ազնվությամբ եւ արժանիքներով»,- ասել է նա՝ հավելելով, որ «քաղաքական ամբողջականությունը պաշտոնյաների ընտրության հիմնական չափանիշը կլինի»: