Վերջին 19 տարում Հայկական բանակի ամենամեծ ձեռքբերումը պահպանվող խաղաղությունն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Փաստը, որ չնայած Ադրբեջանի միլիտարիզացիային, խաղաղությունը պահպանվում է, դա հայկական բանակի վաստակն է, քանի որ Բաքուն գիտակցում է, որ իր կողմից ցանկացած ռազմական գործողություն իր համար կորստաբեր է լինելու: Իսկ դա խոսում է հայկական բանակի մարտունակության մասին»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա հիշեցրել է, որ ինքն անձամբ ծառայել է ՀՀ զինված ուժերում: «Չնայած մեծ ձեռքբերումներին, հայկական բանակում կան որոշակի խնդիրներ միջանձնային հարաբերություններում, որը կապված է որոշ սպաների մոտ անպատժելիության զգացում ունենալու հետ: «Բայց համապատասխան միջոցառումների դեպքում այդ խնդիրները կարելի է հաղթահարել»,- նշել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայկական բանակը դառնում է 19 տարեկան: