Լոնդոնի քաղաքապետարանը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստներին նրա ժամանման օրը նորածին Թրամփի տեսքով փուչիկ օդ բարձրացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան առաջնորդի ժամանման կապակցությամբ Trump Baby նախագծի ակտիվիստները դրամահավաքի միջոցով գրեթե 16 հազար ֆունտ ստերլինգ են հավաքել, որով եւ պատրաստել են Թրամփի տեսքով հսկայական փուչիկը:

«Քաղաքապետը սատարում է խաղաղ բողոքի իրավունքը եւ հասկանում է, որ այն կարող է անցկացվել տարբեր ձեւերով: Քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են կազմակերպիչների հետ եւ թույլատրել են նրանց օգտագործել Խորհրդարանի հրապարակը փուչիկն օդ բարձրացնելու համար»,- հայտարարել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը: