10մ² առեւտրական տարածքը չգերազանցող եւ վարձու աշխատող չունեցող առեւտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտների հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%-ով, շրջաններում՝ 70%-ով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, որպես պետական նախարար պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ ուշադրության կենտրոնում է փոքր ձեռնարկատերերի եւ ինքնազբաղված (self-employed) անձանց տնտեսվարական հիմնախնդիրները։ Գաղտնիք չէ, որ այս խմբի ձեռնարկատերերը ինչպես բոլոր զարգացող երկրներում, այնպես էլ Արցախում բիզնեսի տեսանկյունից ամենախոցելի խումբն են։ Հաշվի առնելով այս խմբի քաղաքացիների՝ սեփական ապրուստը հոգալու եւ բարեկեցությունն ապահովելու հայտնի դժվարությունները՝ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, որոնք հարկային էական իջեցում ու վարչարարական թեթեւացում են բերելու փոքր (գերփոքր) ձեռնարկատիրությանը՝ խորհրդանշական, եթե չասենք՝ զրոյական աստիճանի հասցնելով հարկային պարտավորությունները։ Մասնավորապես՝
• 10մ² առեւտրական տարածքը չգերազանցող եւ վարձու աշխատող չունեցող առեւտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտներին (թվով շուրջ 300) հնարավորություն կընձեռվի աշխատել արտոնագրային վճարների համակարգով։ Վերջիններիս հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%, շրջաններում՝ 70%։
• Նշված սուբյեկտները կազատվեն գրանցման գրքերի վարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հարկային մարմիններ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորությունից։ Վերոնշյալ հարկ վճարողների բեռը կնվազի տարեկան 17 մլն դրամով։
• Արտոնագրային վճարներով հարկվող շեմը տարեկան 7 միլիոն 200 հազար դրամից կբարձրացվի 12 միլիոն դրամի, ինչի շնորհիվ կընդլայնվի այս հարկատեսակով հարկման շրջանակները` ներառելով ավելի մեծ թվով փոքր սուբյեկտների»,-գրել է Արցախի պետնախարարը։




























