Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստը:

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը իր խոսքում նախ անդրադարձել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման ընթացիկ աշխատանքների եւ ծրագրային բյուջետավորմանն անցնելու կարեւորությանը՝ նշելով, որ դրա հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ այն նպաստելու է պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների եւ բարձրացնելու է բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի արդյունավետությունը՝ մեծացնելով պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:

Այս համատեքստում պետնախարար Մարտիրոսյանը նախարարներին առաջարկել է վերանայել 2019թ. պետական բյուջեի նախագծի շրջանակում առաջարկվող ծրագրերը, եւ դրանք ներկայացնել 2019-22թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով: Գ. Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ընթացքում անհրաժեշտ է ակտիվացնել խորհրդարանի հետ համագործակցությունը: «Յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագծի մշակման համար պետք է ծրագրային հենք հանդիսանա պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Դա չի նշանակում, որ ներկայացված նախագծերը հետագայում ճշգրտելու հնարավորություն չեն ունենա, բայց ընդհանուր քաղաքականության մեջ այն հստակություն կմտցնի, որտեղ տեսանելի կլինեն թե՛ ծախսային հիմնավորումները, թե՛ զարգացման միտումները »,- նշել է Գ. Մարտիրոսյանը։

Նիստի մասնակիցները կարեւորել են միջնաժամկետ ծախսային ծրագրի անհրաժեշտությունը, եւ առաջարկներ են հնչել 2019թ. պետական բյուջեում ծրագրային բյուջետավորման ձեւաչափով որոշ փորձնական ծրագրերի ներդրման մասին: