«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել, հաղորդում է Econews.am-ը:
«Նախանցյալ օրը Բլեյանի եւ Այթափի դպրոցների դպրոցականների եւ մանկավարժների մի խմբի բնապահպանական եւ ճանաչողական քայլարշավն էի ուղեկցում Դիլիջանի ազգային պարկում՝ Պարզ լճից դեպի Գոշավանք: Անտառի խորքում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր եւ նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը գեճ էր ու կտրտված բոլորովին առողջ ծառերից»,- գրում է իր էջում Հրաչիկ Միրզոյանը:
Գրառումն ամբողջությամբ. «Սկզբում մեզ արգելեցին մոտենալ «վառելափայտի մթերման կայանին», հետո տեսնելով մեր համառությունը, փայտահատներից երեքը հեռացան դեպքի վայրից՝ թողնելով բենզինով աշխատող սղոցները:
Հաջողվեց կապ հաստատել Բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ եւ 1-1,5 ժամ չանցած ժամանեցին ազգային պարկի, պետական տեսչության եւ ոստիկանության ծառայողները:
Առանց պետհամարանիշի «Վիլիս»-ով ժամանեցին նաեւ երկու «ջղայն» անձնավորություն՝ խեղճ ու կրակ անտառապահի հետ: Ոստիկանները եւ տեսչության աշխատողները չափեցին տապալված ծառերի եւ նախապատրաստված վառելափայտի ծավալը, լուսանկարվեց տեղանքը եւ կազմվեց համապատասխան արձանագրություն:
Տարածքի շրջակայքում հայտնաբերվեց երեք առողջ ծառեր, որոնք կիսամորթ էր արվել չարագործների կողմից: Այս մասին եւս կազմվեց արձանագրություն: Պետք էր միայն տեսնել դպրոցականների ոգեւորությունը, որոնք կարողացել էին մասնակիցը դառնալ անտառը հոշոտողների դեմ պայքարին»:
.jpg)
.jpg)





























