Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոնի հայտարարությունը, թե չեն բացառում, որ կդիմեն միջազգային դատարան, պարզ շանտաժ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

Անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցին, նա ասաց. «Մենք սպասում ենք, որ կառավարության ստեղծած աշխատանքային խումբն ուսումնասիրելով Ամուլսարի խնդիրը, որոշում կայացնի եւ շատ հստակ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցով այդ որոշումը չէր լինելու: Մենք ուրախ էինք այստեղ դիմավորելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սիրով դիմավորեցինք, քննարկեցինք, ներկայացրեցինք մեր մտահոգությունները՝ առանց դիրքորոշում ակնկալելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ չէր բացառել, որ կդիմեն միջազգային դատարան, եթե թույլ չտրվի իրենց շարունակել աշխատանքը, հատկապես, որ ներդրումների ու աշխատանքի 80 տոկոսն արդեն արվել է, Վազգեն Գալստյանն ասաց. «Դրանք մեզ համար մտահոգություններ չեն, դրանք փաստեր են, որոնք պետք է հաշվի առնել: Մենք՝ ջերմուկցիներս, փակել ենք հանքի աշխատանքները, հենց այդ փաստերը հաշվի առնելով ենք փակել, որ թույլ չտանք այդ 80 տոկոսը դառնա 100 տոկոս»:

Նա նաեւ նկատեց, որ «Լիդիանի» ներկայացուցիչների հայտարարությունը, թե չեն բացառում, որ կդիմեն միջազգային դատարան, շանտաժ է. «Նույնկերպ պետությունը կարող է հակառակ ռեակցիան տա, ասելով, որ նույնկերպ ես դատի կտամ «Լիդիանին» Հայաստանի բնական միջավայրն աղտոտելու համար: Այդ 80 տոկոս կատարված աշխատանքը մեր բնության հաշվի է կատարվել: Պետք է ֆիքսել նաեւ, որ դատարան դիմելը դեռ չի նշանակում հաղթել: Կարող է հակընդդեմ հայցով դատարան դիմի կառավարությունը կամ համայնքի բնակիչները եւ փախհատուցում պահանջի կատարված ապօրինի աշխատանքների համար»:

Դիտարկմանը, որ «Լիդիանը» հսկայական գումարներ է ծախսել ու եթե հիմա կառավարությունը նրան արգելի շարունակել իր գործունեությունը, ստիպված չի՞ լինի փոխհատուցել այդ ծախսերը, բնապահպանը պատասխանեց. «Ոչ, ստիպված չի լինի, որովհետեւ դա բիզնեսի ռիսկն է: Երբ գումարը ներդնում են որոշակի ծրագրերի մեջ, հաշվարկում են դրա ռիսկայնությունը, իսկ հանքարդյունաբերությունը ռիսկային բիզնես է: Այն մարդիկ, որոնք իրենց միլիոնավոր դոլարները ներդրել են ռիսկային բիզնեսի մեջ, ավելի մեծ եկամուտներ ստանալու համար, իրենք պետք է պատրաստ լինեն նաեւ դա կորցնելու: Այնպես որ, եթե նրանք կորցնում են, դա մեծ աղետ ու մտահոգություն չի մեզ համար»:

Նշենք, որ արդեն 14-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան: