ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վահան Հարությունյանը, Արկադի Համբարձումյանը և Հակոբ Հակոբյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են տեղական արտադրողի համար որոշակի արտոնյալ ռեժիմ սահմանել գնումների մասին օրենքում:

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 10-ի նիստում հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ իրենց կարծիքով դա ճիշտ լուծում չէ:

«Այն կարող է հանգեցնել գնումների արդյունավետության անկման, մյուս կողմից ստեղծել ոչ նպաստավոր պայմաններ տեղական արտադրողի համար իր արտադրողականությանը բարձրացնելու եւ մրցունակության ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:

Բացի այդ, տեղական արտադրողի համար գնումների գործընթացն օգտագործելը համարժեք չի, որովհետեւ կստացվի, որ մենք նույն ապրանքը կստանանք ավելի թանկ գնով, նաեւ կառաջանան որոշակի կոռուպցիոն ռիսկեր, թե որոնք են այն տեղական արտադրողները, որոնք կարող են օգտվել դրանից, որն է համարվում տեղական արտադրող եւ այլն»,-ասաց ֆինանսների նախարարը:

Նրա խոսքով, դա նաեւ կարող է հակասել Առեւտրի համաշխարհային կազմակերպության գնումների մասին համաձայնագրի պահանջներին:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնելով ասվածին՝ նշեց. «Մենք գտնում ենք, որ եւ գնումների, եւ տեղական արտադրողին աջակցելու ոլորտում անելիքներ ունենք: Մենք պետք է տեղային լուծումների չգնանք: պետք է փորձենք ինստիտուցիոնալ լուծում տալ: Ընդհանուր առմամբ, այս ոլորտում բազմաթիվ բողոքներ ենք ստանում տարբեր գերատեսչություններից, պետք է հասկանանք, թե ինչու են խնդիրներ առաջանում: մասնավորապես, ցածր գնով ապրանքների հետ կապված էլ ենք պրոբլեմներ ունենում: Պարզվում է գինը ցածր է, բայց այդ գնով այդ ծառայությունը հնարավոր չէ մատուցել: Գուցե մրցույթ անցկացնելու որակի խնդիր կա:  Կարող ենք նաեւ տեղական արտադրողին օգնելու անվան տակ վնաս հասցնենք թե բյուջեին, թե այդ նույն տեղական արտադրողներին»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւս նշեց, որ պետք է տեղական արտադրողներին խրախուսելու այլ մեխանիզմներ գտնել. «Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, բայց ես կիսում եմ Ատոմ Ջանջուղազյանի դիրքորոշումը, որ ներկայացված առաջարկը կոռուպցիոն ռիսկերի տեղիք է տալիս»: