Հուլիսի 10-ի գիշերը Գյանջայում ցուցարարների եւ իրավակարգի ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհվել է ոստիկանության 2 սպա: Ձերբակալվել է մոտ 40 մարդ:
Վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ին՝ Turan-ը հայտնում է, որ հուլիսի 10-ին մոտ 20:00-ին արմատականորեն տրամադրված 150-200 մարդիկ հավաքվել են Գյանջայի գործադիր իշխանության շենքի առջեւի հրապարակում, փորձել են կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նախազգուշացումներն անտեսելով՝ այդ անձինք կիրառելով հետները բերած բութ եւ կտրող-ծակող առարկաները՝ դիմադրություն են ցույց տվել իրավակարգի պահապաններին:
Ոստիկանության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում հակաիրավական գործողությունները կանխվել են, մոտ 40 մարդ է ձերբակալվել եւ տեղափոխվել Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչություն: Մնացյալը տարածքից փախել են եւ թաքնվել:
Ապօրինի գործողությունները կանխելիս ծակող-կտրող գործիքներից ստացած հարվածների հետեւանքով զոհվել են Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալաքիշիեւը եւ Նիզամիի շրջանի ոստիկանության վաչության պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը:
Բողոքի ակցիան կազմակերպվել էր համացանցով՝ կապված հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ մահափորձի հետ: Այն կազմակերպողները կարծում են, որ Վելիեւի դեմ մահափորձը իր՝ շրջանի ղեկավարի կամայականության արդյունքն է:





























