Սոտք գյուղում երկգլխանի հորթի ծնունդը զարգացման արատ է, իսկ դրա մակարդակը պարզելու համար հետազոտություն է անհրաժեշտ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, հավելելով, որ միանշանակ է, որ զարգացման այդ արատը պայմանավորված է վատ էկոլոգիական պայմաններով:

«Սոտք գյուղը գտնվում է Սոտքի հանքավայրի մշակման ուղղակի ազդեցության տակ, ընդ որում հանքը մշակվում է բաց եղանակով, եւ ամբողջ փոշին հայտնվում է գյուղում: Ամենավատն այն է, որ ոչ ոք չի զբաղվում դրանով, իսկ իրավիճակը մեր գիտնականների հանգամանալից ուշադրությունն է պահանջում: Եթե ամեն ինչ այսպես մնա, 10 տարուց կծնվեն նման արատներով երեխաներ»,- նշել է Զարաֆյանը:

Խոսելով հորթուկի մասին՝ փորձագետն ասել է, որ Հայաստանում կան մոլեկուլյար կենսաբանության մասնագետներ եւ հնարավոր է ուսումնասիրություններ կատարել, սակայն պետական պահանջարկ է պետք: »Հորթի դեպքը հետաքրքիր է, բայց արտառոց չէ»,- ասել է Զարաֆյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Գեղարքունիքի  մարզի Սոտք գյուղի բնակիչ Հակոբ եւ Ալինա Ավետյանների անասնագոմում հունվարի 25-ին առավոտյան ժամը 10-ին կովը երկգլխանի հորթուկ է ծնել: Ըստ ամուսինների՝ կովը դժվարությամբ է լույս աշխարհբերել հորթուկին։ Կովին «ազատել են» ընտանիքի անդամները։ Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայնոչ թե իրեն ծնած կովից, այլ ընտանիքի անդամներն են կերակրում։

Ըստ տեղի անասնաբուժների՝ եթե հորթուկը ապրի երեք օր, ապա նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնա։ Ուշագրավ է,որ հորթուկը էգ է, սակայն անասնաբույժների խոսքով, ունի արուին բնորոշ հատկություններ: Գյուղացիներն ապշած ենտեղի ունեցածից, նրանք մինչ այս երկգլխանի հորթ չէին տեսել։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի