Երեկ` հունվարի 28-ին, ժամը 21:45-ի սահմաններում շտապօգնության բրիգադը երկու երիտասարդների տեղափոխել է «Էրեբունի» բժշկական  կենտրոն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց շտապօգնությունը տեղափոխել է Արշակունյաց 28 հասցեից: Երիտասարդներից մեկը մահացել է ճանապարհին:

Պարզվել է, որ մահացածը` 40-ամյա Արթուր Սերգեյի Բադալյանն է` Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, իսկ վիրավորը` Անդրֆեդերացիայի 3-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Արամ Վոլոդյայի Պետրոսյանը: Վերջինս աջ ոտքի կոտրվածք է ստացել:

Նշված անձանց Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը եւ, նրանց թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

«Էրեբունի» բուժկենտրոն է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միքայել Զադոյանը` Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Երեւանի վարչության ՃՏՀ քննության բաժնում տեղի ունեցածի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ Արամ Պետրոսյանը մոտակա բենզալցակայանի աշխատակից է: 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի