Պատահար Երեւանի Մյասնիկյան պողոտայում: Հուլիսի 16-ին ժամը 15:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի (վարորդը՝ Մ.Հ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:





























