«Հիմնադիր խորհրդարանը» եւ «Սասնա ծռեր» շարժումն անպայման կմասնակցեն Հայաստանում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, իրենք կմասնակցեն Հայաստանում կայանալիք բոլոր ընտրություններին, որովհետեւ Հայաստանում այսօր գոյություն ունի ընդունելի չափով ժողովրդավարական եւ իրավական համակարգ, որտեղ քաղաքական գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես ընտրությունների միջոցով եւ քաղաքական ինստիտուտներին մասնակցելով։

Ենիգոմշյանը նկատեց, որ այսօր շուտ է խոսել ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին. «Բայց նախնական կարող եմ ասել, որ ես ավելի ճիշտ եմ համարում առանձին մասնակցելը։ Հայաստանում անցած  առնվազն երկու տասնամյակներում քաղաքական դաշտը փոշիացված եւ խեղված է եղել գործող իշխանության կողմից նաեւ «ընդդիմադիր» հատվածով։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարեւոր ձեռքբերումներից մեկը նորմալ քաղաքական համակարգի ձեւավորումն է։  Պետք է Հայաստանում նորմալ քաղաքական համակարգ ձեւավորվի, որտեղ պետք է լինեն տարբեր ուղղություններ, տարբեր քաղաքական ուժեր։

Դա չի նշանակում, որ այդ ուժերը իրար կոկորդ պետք է կրծեն, բայց որպեսզի առողջ մրցակցություն լինի, որպեսզի քաղաքական ինստիտուտները կայանան, պետք է այդ բազմակարծությունը լինի։ Դա եւս պատճառներից մեկն է, որ ես ասում եմ, որ մենք իմ կարծիքով, ընտրություններում պետք է ներկայանանք որպես առանձին ուժ»,-ընդգծեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ԱԺ ընտրություններից, կհաղթահարե՞ն նվազագույն շեմը, Ենիգոմշյանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ ավելի քան կհաղթահարենք նվազագույն շեմը»:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, Ենիգոմշյանն ասաց, որ իրենք ցանկանում ենք մասնակցել, բայց հասկանալի պատճառներով այստեղ կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս պնդել, որ անպայման կմասնակցեն. «Մեկն այն է, որ ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա ազատության պայմաններում, երբ չեն լինի քաղբանտարկյալներ։ Ներկա դրությամբ ֆիքսում ենք, որ այս երկու ամիսներին շատ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, բայց կան մարդիկ, որոնք դեռ անազատության մեջ են։ Այս պայմաններում ընտրություններին մասնակցելը ոչ այնքան հասկանալի է դառնում։ Երկրորդ՝ խոսվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են լինել օգոստոսին կամ սեպտեմբերին։ Քանի որ մեր որոշ ընկերներ դեռ անազատության մեջ են, մյուսներն էլ նոր են դուրս եկել, դեռեւս կազմակերպվելու խնդիր ունենք, հետեւաբար, մասնակցությունն ընտրություններին դեռ վերջնական որոշված չէ»: