Լոռու մարզում, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։45-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցել ավտովթար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարներն ու ոստիկանները մոտ 40 րոպե փնտրել են ահազանգով ստացված վթարի վայրը, սակայն չեն գտել վթարված ավտոմեքենան։
Պարզվել է, որ Mercedes մակնիշի 35 ՏG 309 համարանիշի ավտոմեքենան գտնվում է Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի ճոպանուղու հարևանությամբ՝ ձորից կախված վիճակում, որի մեջ էլ գտնվում է վարորդը, Ախթալայում գրանցված, սակայն Երևանում բնակվող, Հունաստանի քաղաքացի, 37-ամյա Վաչե Ա.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է 0.915 աստիճան։ Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամով։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը արդեն մի քանի անգամ ալկոհոլ օգտագործած վիճակում հայտնվել է նմանատիպ իրավիճակներում։ Վերջին անգամ նման իրավիճակում նա հայտնվել է հուլիսի 16-ին, երբ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում Mercedes մակնիշի 35 ՏG 309 ավտոմեքենայի վարորդը գտնվում է անօգնական վիճակում և անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը և թե ինչն էր եղել նրա ինքնազգացողության վատանալու պատճառը, դա պարզ պետք է լիներ մի շարք բժշկական փորձաքննություն կատարելուց հետո։
Նշված մեքենան շահագործվում է որպես տաքսի։





























