ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ համագործակցության ամուր հիմքերը։

Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկեցին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասներ։

Նախարարն ու դեսպանը զրուցեցին նաեւ երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Երեւան-Բաթումի-Երեւան երթուղին առավել բարեկարգ շարժակազմով սպասարկելու հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին եւ ուղեւորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։