Երեւանի Կիեւյան 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում եւ շենքի բակային տարածքում գտնվող շինություններում այս պահին շինարարական աշխատանքներ չեն կատարվում. շենքի տարածքում գտնվող շինությունը կառուցվել է 2004 թվականին, իսկ բակի շինության աշխատանքները նախորդ տարվա դեկտեմբերին են ավարտվել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց շինություններից մեկի  համասեփականատեր, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյանը՝ պնդելով, որ ինքը ունի բոլոր փաստաթղթերը եւ շինարարությունն օրինական է:

«Քաղաքապետարանի թույլատրությունը կա, բնակիչների համաձայնությունն էլ կա, եւ այդ բողոքող քաղաքացու որդու համաձայնությունն էլ կա, այդ ժամանակ ինքն էր ապրում այդ բնակարանում: Ինչ վերաբերում է բակի շինարարությանը, դրա շինարարական աշխատանքներն ավարտվել են նախորդ տարվա դեկտեմբերին, դրանից հետո ոչ մի շինարարություն չի գնում»,- ասաց Արթուր Վարդանյանը՝ նշելով, որ բակում կառուցված շինությունն իր որդուն է պատկանում:

Նա նշեց, որ իրավապահ տարբեր կառույցներից եւ պետական կառույցներից եկել են, ստուգել, փաստաթղթերը նայել են, եւ ոչ մի խնդիր չի եղել փաստաթղթերի հետ կապված:

Արթուր Վարդանյանը նշում է, թե չի հասկանում՝ ի՞նչն է պատճառը, որ շենքի այդ բնակիչն այժմ բողոք է ներկայացնում: Նա հավաստիացնում է, որ մյուս բնակիչները չեն բողոքել:

Արթուր Վարդանյանը նաեւ ներկայացրել է շինարարության թույլատրության եւ հարեւանների համաձայնության փաստաթղթերը: