Օգոստոսի 2-ին Լիմբուրգ քաղաքի հողային դատարանի առջեւ հայտնվել է չորս տղամարդ, որոնք մեղադրվում են մանկապիղծների համար Elysium խոշորագույն կայքերից մեկի ստեղծման մեջ: Կայքն ուներ ավելի քան 110,000 գրանցված օգտատեր, հաղորդում է DW-ն:
Հեսսենից, Բադեն-Վյուրտեմբերգից եւ Բավարիայից գործի մասնակիցները մեղադրվում են մանկական պոռնոգրաֆիայի տարածման եւ երեխաների հանդեպ սեռական բռնության մեջ: Դատավարությունը ուշացումով է սկսվել, քանի որ ոչ բոլոր մեղադրյալներն են նշանակված ժամին ներկայացել:
Elysium պորտալը կես տարի աշխատել է համացանցի ստվերային դարկնետ հատվածում: 2017 թվականի հունիսին այն փակվել էր Ֆրանկֆուրտի Քրեական գործերով դաշնային գերատեսչության եւ Գլխավոր դատախազության որոշմամբ: Գերմանիայում եւ Ավստրիայում Elysium-ի գործով 2017-ին կալանավորվել է առնվազն 16 մարդ:
Այս կայքը ոչ միայն տարածել է մանկական պոռնոգրաֆիա, այլեւ հանդիպումներ է անցկացրել երեխաների նկատմամբ սեռական բռնության իրականացման համար: Գերմանիայում քննչական մարմինները կարծում են, որ Elysium-ը հավանաբար մանկական պոռնոգրաֆիայի տարածման ամերիկյան պորտալի կրկնօրինակն է, որը 2016-ին փակվել էր ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:




























