Ֆինլանդիայի խոշորագույն K-market սուպերմարկետներից մեկը Հելսինկիի բնակիչներին առաջարկել է գիշերել զով վայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մայիսից սկսած Ֆինլանդիայի համար անսովոր շոգ եղանակ է հաստատվել: Մայիսը դարձել է օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք ամիսը. 25 եւ բարձր ջերմաստիճանով տաք օրերի քանակը 14 է եղել: Հունիսին տաք օրերը 9-ն են եղել, իսկ հուլիսին` 27: Բացի այդ ֆինների բնակարաններն ու տները հիմնականում օդորակման համակարգերով ապահովված չեն:
«Շատ հաճախորդներ երազում են գիշերը զով խանութում անցկացնել: Շաբաթ դուք կարող եք մեզ հետ գիշերը մնալ: Խնդրում ենք բերեք ձեզ հետ գիշերակացի իրեր», — նշվում է սուպերմարկետի հայտարարության մեջ:
Բոլոր ցանկացողները պետք է խանութ ժամանեն մինչեւ փակվելը՝ այսինքն մինչեւ 22.00: Հյուրերին ընթրիք եւ նախաճաշ կառաջարկեն, իսկ խանութում լույսը կեսգիշերին կմարի:




























