Հարավարեւելյան Ասիայի երկրների Ասոցիացիան (ASEAN) չի պատրաստվում Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գերտերությունների միջեւ նոր սառը պատերազմի առաջացումը թույլ տալ: Այդ մասին եզրափակիչ ասուլիսում հայտարարել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալաքրիշնանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատասխանելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերտերությունների, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի ռազմական ներուժի ավելացման մասին լրագրողների հարցին, նախարարը նշել է, որ ASEAN-ն ամեն ինչ կանի նոր սառը պատերազմը կանխելու համար:
«Ձեր հարցը ենթադրում է հետեւյալը. չի լինի արդյոք վերադարձ հին սառը պատերազմին, եւ չի ստացվի այնպես, որ մենք բոլորս գերտերությունների դիվանագիտական, ռազմավարական եւ պաշտպանական առճակատման մեջ ներգրավված պետություններ դառնանք», — ասել է Բալաքրիշնանը:
«Մեր պատասխանն է՝ մենք անգամ նվազագույն մտադրություն չունենք, որ դա տեղի ունենա: Մենք ունենք ASEAN եւ մենք միասնական կլինենք, մենք կպահպանենք մեր կարեւորությունը, տարածաշրջանում մեր կենտրոնական դերը, կշարունակենք հավաքել մեր տարածաշրջանային եւ ավելի լայն, քան տարածաշրջանային, երկխոսության հարթակները», — ասել է նա:





























