Կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ գործարք է տեղի ունեցել՝ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայնել է հրաժարական տալ՝ փոխարենը նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, իշխանությունները փորձում են հնարավորինս ուշացնել Երեւանի ավագանու լուծարման գործընթացը, որպեսզի ավագանու ընտրությունների քարոզարշավը հիմնականում սկսի կամ մեծ մասով  ընթանա սեպտեմբերին:

«Ինչպես տեսնում ենք այս պահին ավագանու ժամկետը չի կրճատվել, այսինքն դեռեւս ավագանին չի լուծարվել, չնայած Տարոն  Մարգարյանը վաղուց է հրաժարական տվել, ոնց որ թե հասկանում ենք, որ իշխանությունները փորձում են հնարավորինս ուշացնել այդ ավագանու լուծարման գործընթացը, որպեսզի  քարոզարշավը հիմնականում սկսի կամ մեծ մասով  ընթանա սեպտեմբերին:

Իշխանությունն օգտվում է օրենսդրական հնարավորությունից, քանի որ հստակ չէ, թե երբ պետք է լուծարվի, խախտում չի կատարվում, ուղղակի եղած անորոշությունից օգտվում են, որպեսզի ուշ լուծարվի ավագանին, որպեսզի քարոզարշավի հիմնական մասը սեպտեմբերին ընկնի, քանի որ օգոստոսը խիստ անբարենպաստ է քարոզարշավի համար, տարբեր պատճառներով»,-ասաց նա։

Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի մասին ֆիլմ էր նկարահանվել նրա ունեցվածքի մասին եւ խոսվում էր, որ նա կոռումպացված անձնավորություն էր. «Շուտով նա իրավապահ համակարգի հետ պետք է դեմ հանդիման դուրս գա, եւ մենք տեսնում ենք, որ այս ընթացքում որեւիցե գործողություն նախկին քաղաքապետի նկատմամբ չի կատարվում: Այստեղից կարող ենք ենթադրել, որ ամենայն հավանականությամբ գործարք է տեղի ունեցել, քաղաքապետը համաձայնել է հրաժարական տալ փոխարենը նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Այստեղ հարց էր առաջանում, որ եթե որեւէ բան չէր առաջարկվել, էդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց: Նա հեռանում է, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում եւ արդեն իշխող ուժը փորձում է վերցնել ավագանին: Թե հիմա կհաջողվի, թե չի հաջողվի այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։