Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ հակամարտությունը պայմանավորված է Հայաստանում սկսված նախընտրական արշավով եւ երկու քաղաքական ուժերի միջեւ մրցակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ում որոշակի բարդություններ են զգում ընտրություններին պատրաստվելու գործընթացում, եւ այդ համատեքստում կուսակցություններում լարված իրավիճակ է ստեղծվել: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` փորձագետը կանխատեսել է, որ կառավարող կոալիցիան ներկայիս տեսքով չի ապրի մինչեւ ընտրություններ, եւ ԲՀԿ-ն առանձին հանդես կգա:
«Օրինաց երկիր» կուսակցության վերաբերյալ հստակ բան չեմ կարող ասել, քանի որ այն լուրջ քաղաքական գործոն չէ, բայց հնարավոր է, որ ՕԵԿ-ն այս ընտրություններում հանդես գա ՀՀԿ-ի հետ»,- նկատել է Բոզոյանը:
Նա քիչ հավանական է համարել խոսակցությունները, թե քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը սադրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ես չեմ կարծում, թե դա այդպես է: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Քոչարյանը ցանկության դեպքում կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, դա պարզապես իրականության արձանագրում է»,- նկատել է փորձագետը:





























