Եգիպտոսում բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են մայրաքաղաք Կահիրեում հավաքել մեկ միլիոնից ավելի ցուցարարների: Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել իր կողմնակիցներին փետրվարի 4-ը դարձնել «Մուբարաքի վերջին օր», իսկ երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքը արդեն հրահանգել է ՆԳ նախարարությանը չխոչընդոտել խաղաղ երթերին:
Ներկայումս իրավիճակը քաղաքի կենտրոնում մի փոքր հանդարտվել է, թեեւ դեռ մեկ օր առաջ տեղի էր ունենում Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների բախումներ, որը խլեց 13 մարդու կյանք:
Նախորդ օրը Կահիրեում իրավիճակը փոխվում էր գրեթե ամեն րոպե: Մուբարաքի ազգին ուղղված դիմումից հետո, թվում էր, իրավիճակը կհանդարտվի, սակայն չգիտես որտեղից, փողոցներում հայտնվեցին Մուբարաքի կողմնակիցները: Թահրիրի հրապարակում Մուբարաքի կողմնակիցների հայտնվելուց հետո, նր հակառակորդների բանակը մի քանի անգամ կրկնապատկվեց: Երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքը այդ կապակցությամբ ասուլիս հրավիրեց եւ պաշտոնապես ներողություն խնդրեց Թահրիրի հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի համար:
Շատերը կարծում են, որ բոլոր սադրանքների, աննախադեպ բռնությունների եւ անիմաստ հարձակումների հետեւում կանգնած է ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին, ով սկզբում հրահանգել էր բոլոր ուժայիններին լքել Կահիրեի փողոցները, ապա հրամայել բանտերից ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, այդ թվում ահաբեկիչներին: Վարչապետը հայտարարել է, որ եթե նրա մեղքն ապացուցվի, արդեն նախկին նախարարը պատասխանատվության կենթարկվի:
Իրավիճակը բեկելու լավ շանս առաջացավ, երբ երեկ հայտնի դարձավ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունների մասին: Բացի «Մահմեդական եղբայրներ» շարժումից եւ Մուհամեդ ալ-Բարադեյից, մնացած բոլոր ընդդիմադիր լիդերները հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել այդ բանակցություններին, թեեւ դրանից մեկ օր առաջ խոստանում էին հազարավոր ցուցարարներ փողոց դուրս բերել:




























