Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի /KfW/ համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին եւ հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ շեշտելով այն ընդլայնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը։

Մարիոն Քնիշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը։ Հյուրն անդրադարձել է ծրագրի շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական ազդեցության  գնահատման գործընթացին։

Նախարար Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով ու գյուղատնտեսության ծավալների աճով եւ այդ առումով կարեւորել գերմանական կողմի հետ մեծածավալ ծրագրերի  իրագործումը։ Հյուրերի խնդրանքով բնապահպանության նախարարը ներկայացրել է նաեւ ջրային ոլորտի ներկայիս վիճակը եւ առկա խնդիրների լուծման նպատակով տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը եւ համագործակցության խորացման պատրաստակամությունը: