Սեփական քվեաթերթիկը սոցիալական ցանցում կամ որեւէ այլ եղանակով հանրայնացնելու դեպքում անվերահսկելի է դառնում դրդապատճառը, թե որ դեպքում է դա արվում հարկադրանքով կամ շահադիտական նպատակներով, որ դեպքում՝ ոչ: Այս մասին, այսօր օգոստոսի 30-ին, կառավարության նիստում ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնեց, որ դժվար ապացուցելի է, թե արդյոք քվեաթերթիկ հրապարակելու տակ կա շահադիտություն. «Բայց եթե կարողացանք պարզել, որ կա եւ կապ ունի ընտրակաշառքի հետ, այն ենթակա կլինի պատասխանատվության»:
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը, որտեղ ոչ թե քրեականացված է ընտրողի կողմից քվեաթերթիկը հրապարակելը, այլ երրորդ անձի կողմից գաղտնիությունը խախտելը, դրա համար իրենք առաջարկել են այդ դրույթը նախատեսել վարչական իրավախախտումների օրնսգրքում: Ընդհանուր առմամբ, Թաթոյանը կողմ արտահայտվել օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններին՝ մասնավորապես, ընտրակեղծիքի համար պատասխանատվության խստացմանը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ քվեարկության գաղտնիությունը պետք է ամրագրվի. «Քվեարկությունը գաղտնի է եւ դա վերաբերում է նաեւ ինձ՝ քվեարկողիս: Պատկերացրեք մի վիճակ, երբ ես ուզում եմ իմանալ, թե որքան ձայն տրվեց ինչ եւ հրապարակային խնդրում եմ, որ բոլոր քվեարկողները նկարեն ու հրապարակեն իրենց քվեաթերթիկը: Արդյոք դա չի խախտի օրենսդրությունը»,-ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ այս փաթեթը պետք է ընդունվի սեպտեմբերի 6-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում, որպեսզի դրանք գործեն արդեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Նախագիծը, ի վերջո, հավանություն ստացավ կառավարությունում: Նշենք, որ հարցը ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերի 6-ին կայանալիք արտահերթ նստաշրջանում:





























