Ոստիկանությունն արձագանքել է NEWS.am-ի «Վալերի Օսիպյանը չարձագանքեց Հյուսիսային պողոտայում կենդանիների անօրինական վաճառքին» վերնագրով հրապարակմանը, որտեղ նշվել է, որ ոստիկանապետը Հյուսիսային պողոտա այցելության ժամանակ անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը:

Ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը:

Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը:

Ոստիկանության պետը հանձնարարական է տվել ուսումնասիրել գործընթացը և լուծում տալ բոլոր խնդիրներին»:

Ավելի վաղ NEWS.am-ն իր հրապարակման մեջ նշել էր, որ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, ով օգոստոսի 30-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում հայտնվել էր փողոցային երաժիշտների աջակցության ակցիայի կապակցությամբ, ոչ մի կերպ չի արձագանքել կենդանիների անօրինական վաճառքին: Ոստիկանության պետը անցավ կենդանիների վաճառողներին կողքով՝ նրանց ուշադրություն չդարձնելով:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում երեկոյան, կենդանիների վաճառք է իրականացվում: Նման առեւտուրն անօրինական է, քանի որ մայրաքաղաքում նման գործունեության  համար հատուկ տեղ է հատկացվել, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Թռչնի շուկա» (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան):

Այն բանից հետո, երբ ավելի վաղ NEWS.am-ը բարձրացրել էր Հյուսիսային պողոտայում կատուների եւ շների անօրինական վաճառքի թեման, Երեւանի քաղաքապետարանը սկսել էր այս հարցով ստուգումներ իրականացնել:

Երեւանի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ կենդանիների վաճառքը կարող է իրականացվել մասնագիտացված խանութներում, շուկաներում կամ դրա համար նախատեսված հատուկ վայրերում հատուկ անասնաբուժական վկայականի առկայությամբ: Հասարակական վայրերում կենդանիների վաճառքը արգելվում է (խանութների, այգիների, կանգառների, գյուղատնտեսական շուկաների, տոնավաճառների եւ այլն):

Վալերի Օսիպյանը չարձագանքեց Հյուսիսային պողոտայում կենդանիների անօրինական վաճառքին (ֆոտո)