Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի կերպով հաստատել է Էր Ռիադի՝ Կատարը ջրանցք փորելու միջոցով թերակղզուց կղզի վերածելու մտադրությունը, հաղորդում է Reuters-ը:
«Լինելով քաղաքացի, ես անհամբեր սպասում եմ Արեւելյան Սալվա (East Salwa) կղզու նախագծի իրականացման մանրամասներին, այս մեծ պատմական նախագիծը, որը կփոխի տարածաշրջանի աշխարհագրությունը», - Twitter-ում գրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ավագ խորհրդական Սաուդ ալ Կախտանին:
2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը դադարեցրել էին դիվանագիտական, առեւտրային եւ տրանսպորտային կապերը Կատարի հետ` նրան մեղադրելով ահաբեկչության մեջ: Դոհան հերքում է այդ մեղադրանքները եւ ասում, որ բոյկոտը Կատարի ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն է:
Ավելի վաղ սաուդյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Սաուդյան Արաբիան նախատեսում է ռազմակայան եւ միջուկային թափոնների աղբակույտ ստեղծել, ինչի համար մտադիր է Կատարի հետ ամբողջ սահմանի երկայնքով ջրանցք փորել: Ծրագրի արժեքը գնահատվում է 747 մլն դոլար:





























