ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանը որոշակի լիազորություններ ունի, եւ եթե այդ Սահմանադրությունը չի խախտվել, ապա նա պարտավոր չէ որեւէ մեկնաբանություն տալ: Այս մասին օգոստոսի 31-ին կայացա մամուլի ասուլիսին հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու է վերջին օրերին, երբ Հայաստանում աղմկահարույց բացահայտումներ, ձերբակալումներ եւ կալանավորումներ էին տեղի ունենում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի արտահայտել իր դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ՝ այդպիսով պասիվ դիրք զբաղեցնելով:

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանության երեք ճյուղ կա, եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ստանձնի իրեն վստահված ոլորտի համար: «Ուստի Հայաստանի նախագահը պարտավոր չէր որեւէ կերպ արձագանքել եւ կարծիք հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ: Նախագահը պատասխանատու է Սահմանադրության համար եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առջեւ, որպեսզի որեւէ մեկի սահմանադրական իրավունքը չխախտվի»,- պարզաբանեց Պողոսյանը:

Ընդ որում, Պողոսյանը համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման ժամանակ Սահմանադրության խախտում տեղի չի ունեցել: Դատարանն այդպես չի կարծում, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ խափանման միջոցը վերացվել է: