Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.
«Օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեցի Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով հյուրին` բարձր գնահատեցի մեր երկրների միջեւ ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։ Հանդիպմանն անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկեցինք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։
Դեսպանի հետ զրուցեցինք նաեւ սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։
Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում»:





























