Կոտայքի մարզի Կապուտան գյուղի միջնակարգ դպրոց այս տարի կհաճախի մոտ 180 աշակերտ, որից 17-ը՝ առաջին դասարանցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապուտանի վարչական ղեկավար Սերոբ Միքայելյանը՝ անդրադառնալով դպրոցի անմխիթար վիճակին:

Դպրոցի շենքը կառուցվել է 1973թ-ին եւ այսօր խիստ ամխիթար վիճակում է գտնվում՝ երրորդ կարգի վթարային է ճանաչվել դեռ 2011թ-ին: «Դպրոցը 2011թ-ից երրորդ կարգի վթարային է: Այն հիմնանորոգման կարիք, իսկապես ունի:Երբ վթարայնության վերաբերյալ եզրակացություն մեզ տվեցին, այդ ժամանակ մենք դիմեցինք մարզպետարան, կառավարություն: Սոցներդրումներից եկան տեսան, գումարը մեծ էր, ու էդպես ձգձվում է դպրոցի վերանորոգումը: Շենքն ամբողջությամբ վթարային է: Երեք հարկ ունենք, կորպուս կա, որից ընդհանրապես չեն օգտվում երեխաները:

Վերջիններս ներքեւի կորպուսում են դասապրոցեսն անցկացնում: Երկար տարիներ ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել դպրոցում: Ինչ էլ արվել է,մեր ուժերով ենք արել: Որոշ գումար համայնքի բյուջեից է հատկացվել, որոշակի մասն էլ՝ մարզպետարանի կողմից: Սպասում ենք, որ տարբեր ծրագրերում մենք էլ ընդգրկվենք ու գոնե հաջորդ տարի մեր դպրոցն էլ վերանորոգվի՝ չնայած, հաշվի առնելով վթարային վիճակը, ավելի ճիշտ կլինի, նոր շենք կառուցել»,- նշեց Սերոբ Միքայելյանը՝ հավելելով, որ վերջերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եղել է դպրոցում, քննարկումներ են ունեցել դպրոցի ճակատագրի հետ կապված եւ լիահույս են, որ որեւէ ծրագրում դպրոցը կընդգրկվի:

Կապուտանի բնակիչները եւս անհանգստացած են դպրոցի ճակատագրով, հատկապես, որ ամեն վայրկյան փլուզվելու վտանգ կա. «Դպրոցի մի հատվածում ընդհանրապես դաս չեն անում, որովհետեւ վթարային է, իսկ այն կորպուսում, որտեղ դասապրոցես է ընթանում, խիստ անմխիթար վիճակում է գտնվում:Շուտով դպրոցները կսկսվեն, մեր խնդիրներն էլ հետը, ամեն վայրկյան ահ ու սարսափի մեջ ենք, որ հանկարծ մի վատ բան չլինի»,-NEWS.am-ին իրենց անհանգստությունը հայտնեցին կապուտանցիները:

Կապուտանի դպրոցի ճակատագրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ եղել է դպրոցում եւ անձամբ ծանոթացել պայմաններին. «Տնօրենին հանձնարարել եմ ներկայացնել վթարայնության ցածր աստիճանը կամ սեյսմակայունությունը փաստող ամենաթարմ փաստաթղթերը, որպեսզի պատկան մարմինների հետ քննարկենք այն եւ ներառենք կառավարության հրատապ դպրոցաշինական ծրագրերում կամ այլ աղբյուրներ փնտրենք: Նշեմ նաեւ, որ Կապուտանի դպրոցն այն երկու դպրոցների թվին է պատկանում, որոնք վթարային եմ կամ սողանքային գոտում են գտնվում: Մյուսը Ողջաբերդի դպրոցն է, որտեղ դասապրոցեսն իրականացվում է փայտե տնակներում սողանքային գոտում գտնվելու հետեւանքով»,-NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց մարզպետը: