Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը՝ հայտարարելով, թե հույս ունի, որ սպանության կազմակերպիչներն ու կատարողները արժանի պատիժ կկրեն, Պուտինի խոսքն է փոխանցում Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ալեքսանդր Զախարչենկոյի ստոր սպանությունը եւս մեկ վկայություն է, որ նրանք, ովքեր ընտրել են ահաբեկության, բռնության, վախեցնելու ճանապարհը, չեն ցանկանում գտնել կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական լուծումը, չեն ցանկանում հարավ-արեւելքի բնակիչների հետ իրական երկխոսություն վարել: Այլ վտանգավոր խաղադրույք են կատարում իրավիճակի ապակայունացման, այն բանի վրա, որ Դոնբասի ժողովրդին ծնկի բերեն: Դա նրանց չի հաջողվի»,- նշված է Պուտինի հայտարարության մեջ:

ՌԴ նախագահը հույս ունի, որ սպանության կազմակերպիչներն ու կատարողները արժանի պատիժ կկրեն:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Զախարչենկոյի սպանության փաստով քրեական գործ է հարուցել՝ «Միջազգային ահաբեկչության ակտ» հոդվածով:

Ուրբաթ «Սեպար» սրճարանում պայթյունից հետո զոհվել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Նրա սպանությունը ԴԺՀ-ում քաղաքական ճգնաժամ է առաջացրել: