Ես այցելել եմ Արմավիրի մարզ եւ Սարդարապատ երկու պատճառով. Նախ սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզը անցնել է համընդհանուր ներառման: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա առթիվ Սարդարապատ գյուղի դպրոցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որը լավագույնս անցնում է այս համակարգին, անցնում է համընդհանուր ներառման, զարգացման մի այլ մակարդակի է բարձրանում, որտեղ կան միանգամայն այլ առաքինություններ: Համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը միանգամայն այլ մակարդակի են բարձրանում: Երկրորդ պատճառը՝ սրանով ուզում եմ հստակ շեշտել, որ ԿԳՆ-ի համար ոչ միայն Երեւանը, այլեւ մարզերը լինելու ենշատ կարեւոր: Այդ ճանապարհին ջանք չենք խնայելու»,-ասա նախարարը:
Հարցին, թե դպրոցները պատրա՞ստ են ներառական կրթությանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հարմարեցումների առումով, կարծում եմ՝ ոչ: Դա բնորոշ է ոչ միայն Արմավիրին, այլեւ բոլոր մարզերին: Նաեւ կան ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված խնդիրներ: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք եւ մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»:
Նա չհամաձայնեց, որ սա շտապողական որոշում է. «Մենք երկար ենք գնացել սրան: Երեւանի առումով հետաձգել ենք անցումը, հաջորդ տարվանից փուլ առ փուլ նաեւ Երեւանում կանցնենք: Շտապողականություն չկա, խնդիրները հընթացս լուծվում են: Որքան հետաձգենք, այնքան ավելի մեծ խնդիրներ կունենանք»:
Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս մի քանի մարզեր անցել են ներառականության՝ Սյունիքի մարզը, Տավուշի մարզը, Արմավիրն է հիմա անցնում, հաջորդ փուլերում կլինեն Շիրակը Արագածոտնը. «Արմավիրի մարզում հատուկ դպրոցները փակվել են, աջակցության կենտրոնների են վերածվել: Նաեւ սոցապ նախարարության հետ համագործակցում ենք, որ այն երեխաները, որոնք ունեն սոցիալական խնդիրներ, նրանց խնամքն արդեն համապատասխան ծառայությունները տանեն, ոչ թե հատուկ դպրոցները»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:
«Յուրաքանչյուր երեխա, որն ունի հատուկ կարիք, այդ կարիքը գնահատվում է, նրա համար ծրագիր է կազմվում, եւ ըստա յդ ծրագրի երեխան ստանում է կրթություն դպրոցներում: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր երեխա ունի հատուկ կարիք»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ օրինակ Տավուշի մարզում սայլակով երեխա կար, որի տունը դպրոցից 200 մետր հեռու է եւ ճանապարհը հարմարեցված չէ նրա համար. «Այդ խնդիրը համայնքը վաղուց պետք է լուծած լիներ»:





























