Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 01:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում բախվել են «Nissan Sunny» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) եւ «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ 28-ամյա 1990 թ.) ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 27-ամյա Ն. Բ.-ն եւ 26-ամյա Ա. Ա.-ն քաղաքացիներիի ուժերով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Կ. Վ.-ին, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս էր եկել ավտոմեքենայից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: