Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա ընկերների վերաբերյալ քննվող քրեական գործով վկաները քննչական մարմիններում բռնության են ենթարկվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Չկա գեթ մեկ վկա, ով մատնացույց կանի, որ Դավիթն ինչ-որ հակաօրինական գործողություն է կատարել»,-նշեց նա՝ հավելելով, որ վաղուց նման ծիծաղելի «կարված» գործ չի տեսել:
Դավիթ Համբարձումյանն, ով մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում, ապա նաեւ Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ խուլիգանություն կատարելու մեջ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մեկ անձի ցուցմունքի հիման վրա` հիմնված անանուն մի ահազանգի վրա:
«Ի դեպ, այդ անանուն ահազանգը կատարվել է Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի առջեւի մասում գտնվող տաքսոֆոնից»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել եւս երկու ամսով երկարաձգել Համբարձումյանի կալանքի ժամկետը:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ դատավորը, մերժելով իր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել էր հանրային պաշտպան եւ առանց պաշտպանության կողմի ներկայության՝ որոշում կայացրել նրա կալանքի ժամկետը երկարացնելու մասին։
Աթանեսյանը հիշեցրեց, որ Մնացական Մարտիրոսյանը դեռեւս 2010թ. ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել եւ ազատազրկման դատապարտել ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Իրավապահ մարմինների կողմից Դավիթ Համբարձումյանը ստացել է գլխավոր հակահեղափոխականի դեր եւ նման պայմաններում, եթե Մնացական Մարտիրոսյանը որոշեր նրան ազատ արձակել՝ կստացվեր, որ ժամանակին հերիք չի որոշել է ապօրինի դատապարտել Փաշինյանին, այժմ էլ մարտահրավեր է նետում նոր իշխանություններին: Մնացական Մարտիրոսյանը սպասում է իր կարիերայի ավարտին, սակայն հույս ունի, որ շուտ չի ավարտվի»,-ասաց նա:
Ըստ փաստաբանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդեն իսկ կաշկանդված է այս գործով եւ տեսականորեն չէր կարող Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ այլ դիրքորոշում ունենալ:
«Եթե մարդը կորցնում է, որպես դատավոր հարգանքն ու վստահությունը մի գործով, նա այլեւս մեկ այլ գործով չի կարող արդարադատություն իրականացնել»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Մասիսի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել էին հուլիսի 7-ին՝ Էրեբունիում տեղի ունեցած խուլիգանության գործով:
Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է այս տարվա ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց հետ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելու եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու մեջ:
Երկրորդ քրեական գործը, որտեղ ևս Մասիսի հանրապետական քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, կրկին վերաբերում է նույն օրվան՝ ապրիլի 22-ին արդեն Երևանից դուրս տեղի ունեցած բողոքի ակցիային։ Ըստ Քննչական կոմիտեի, այդ օրը ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։





























