Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն:

Ֆրոնտիկ Թեւոսյանը երկարակյաց համայնքապետերից էր, նա Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986թ-ից: Թե ո՞րն է նրա հրաժարականի պատճառը, NEWS.am-ը փորձեց պարզել իրենից.

«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական ներկայացրել: Որեւէ ենթատեքստ չկա, որեւէ մեկի հետ, այդ թվում նոր իշխանությունների, որեւէ խնդիր չունեմ»,-նշել է Նոր Գեղի համայնքի՝ արդեն նախկին ղեկավարը:

Նոր Գեղիի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների, մարզպետը սահմանված ժամկետում, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն լինի:

Նշենք, որ Նոր Գեղիի կենտրոնական փողոցը 2015թ-ին ավագանու որոշմամբ՝ գյուղապետի  ծննդյան 70 ամյակին, անվանակոչվել է նրա անունով, իսկ 65 ամյակին էլ երաժշտական դպրոցն է իր անունով անվանակոչվել: