Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն, բայց սա չի նշանակում, որ մենք հավասարակշռված մոտեցումը պետք է խախտենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով, այո, անհրաժեշտ է համոզվել, թե որքանով է հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա էական, որպեսզի շարունակեն գործընթացը. «Բայց մյուս կողմից չպետք է մոռանանք,  որ տնտեսվարողները, որոնք կատարել են ներդրումներ եւ շարունակում են դրական սպասելիքներ ունենալ, չհիմնավորված կամ սուբյեկտիվ վարքագծով պայմանավորված վնասներ չպետք է կրեն:

Քրեական գործ է հարուցված է եւ եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի ազդեցությունը, եւ որ անտեսվել են որոշակի գործողություններ իրականացնելու թույլտվություններ տալու ժամանակ, սա միանշանակ դատապարտելի է: Համոզված եմ, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետետրն իրենք շահագրգռված կլինեն, որ նման բաները բացառվեն»:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ սա ժամանակ է պահանջում, հետեւաբար երկխոսությունն ու համատեղ քննարկումն է միակ ելքը այս վիճակից. «Կառավարությունը չպետք է հայտնվի մի իրավիճակում, երբ սուբյեկտիվ վարքագծի պատճառով կասեցնի այս կամ այն ծրագիրը: Չկա այդպիսի բան: Չկա այդպիսի միտում, այդպիսի ցանկություն: Չեմ կարծում, որ որեւէ մեկը մտածում է, թե մեր կառավարությունն այդպիսի ճանապարհով է գնում:

Վարչապետը ճիշտ ասաց, որ ցանկացած հարցի լուծում պետք է փաստերի վրա հիմնված լինի: Այդ տեսակետից, ես ակնկալում եմ փոխադարձ ընկալում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 2 ամսից ավելի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»: