Նորագույն տեխնոլոգիաների դերը մարդու կյանքում օրեցօր ավելի է մեծանում: Դրանք հեշտացնում են առօրյա կյանքը, տալիս են բազմազան հնարավորություններ, որոնցից Հայաստանում օգտվել դեռ այդքան էլ չեն շտապում: Ոլորտները, որտեղ կարելի է օգտագործել այդ հնարավորությունները, բավականին շատ են, սակայն այս պահին կանդրադառնամ կրթությանը:

Կրթությունն այն ոլորտն է, որտեղ բավականին լավ կարելի է օգտագործել ինֆորմացիոն դարաշրջանի կողմից տրված բարիքները: Կրթության գիտության նախարարությունը միայն վերջերս հայտարարեց ծրագրի մասին, որը հնարավորություն կտա օնլայն տարբերակով երեխաներին գրանցել ինչ-որ ուսումնական հաստատությունում: Հաշվի առնելով արագ զարգացող ոլորտը, նման ծրագիր կարող էր ստեղծվել դեռ տարիներ առաջ, որն իրոք կհեշտացներ ու կարագացներ ողջ գործընթացը:

Ժամանկներն անցնում են, սակայն սովետական բարքերին սովոր դասախոսները այդքան էլ չեն շարժվում ժամանակի հետ համահունչ: Պարբերաբար թելադրվող լեկցիաները հոգնեցնող են եւ ձանձրալի:

Այդ ամենից կարելի է ազատվել նյութերը համացանցում տեղադրելով: Նման քայլը օգտակար կլինի ոչ միայն ուսանողի համար, այլ նաեւ դասախոսի, ով ծախսում է բավականին շատ էներգիա թելադրելու համար: Եվ թելադրելու համար նախատեսված ժամանակը հնարավոր կլինի ծախսել այլ օգտակար գործողության վրա:

Ուսանողների հետ աշխատանքը լսարաններից կարելի է տեղափոխել նաեւ օնլայն տիրույթ: Կան սերվիսներ, որոնք բացի նյութերի տեղադրումից հնարավորություն են տալիս հենց տեղում պատասխանել ուսանողի հարցերին: Այս ամենը միայն փոքր կաթիլ է մեծ օվկիանոսում, բայց այստեղ չեն օգտվում նաեւ այդ կաթիլից:

Հեշտացնել ուսանողի կյանքը նորագույն տեխնոլոգիաների միջոցով կարելի է բազում այլ տարբերակներով, որոնց մասին նախ պետք է մտածեն համապատասխան մարմինները: Հուսանք եւ սպասենք, որ կգա օրը, երբ նորարաություններն այնքան հաճելի կդարձնեն դասապրոցեսը, որ համալսարան գնալուց ու դասերին մասնակցելուց ուսանողները չեն ձանձրանա, իսկ դասախոսներն իրենց գործն անելուց հաճույք կստանան:

Ալբերտ Դադոյան