Տրանսպորտի ոլորտում շատ տխուր վիճակ ենք ժառանգել, որը կապված է եւ ճանապարհների վիճակի, եւ ոլորտում տնտեսվարողների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով, միջմարզային փոխադրումների ոլորտում գործում է 75 տնտեսվարող, միջպետականում՝ 27. «Պատահական չէ, որ որդեգրել ենք միասնական երթուղային ցանցի գաղափարը. մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ թե առանձին իրեն ձեռնտու գծերը, այլեւ ողջ մարզը, իրականում կլուծի խնդիրը»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Տրանսպորտի տեսչությունը, որը դուրս է բերվել նախարարության ենթակայությունից, դեռ կազմավորման փուլում է եւ այս բարձիթողի վիճակը բերեց նրան, որ երթուղիներում հայտնվեցին չգրանցված վարորդներ, մեքենաներ, որն առաջացրել էր ժողովրդի դժգոհությունը:

«Մենք արձագանքել ենք, դիմել ենք ՊԵԿ-ին եւ այլ մարմինների: Մենք իրավասու չենք վարչական միջոցներ կիրառելու,  դա պետք է անի տեսչական մարմինը, որը մոտ ապագայում կանդրադառնա այդ խնդիրներին»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ գործընթացը չի հանգեցնի դաշտի մենաշնորհայնացման, նախարարը պատասխանեց. «Դաշտի մենաշնորհացման խնդիր կլիներ, եթե մենք ամբողջությամբ Հայաստանի ողջ ցանցը վաճառեինք մեկ օպերատորի: մենք դրան հակված չենք, նույնիսկ մարզեր կան, որ ուզում ենք կիսել երկու օպերատորի միջեւ»: