Ցորենի ներկրման հետ կապված արդեն պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերի 1-ից Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման սակագները զեղջվում են 52 տոկոսով եւ դա անժամկետ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով, վրացական հատվածում 52 տոկոս զեղչելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլար նվազ արժեքով։
Հարցին, թե եթե բեռները գալիս էին մեքենաներով, այդ դեպքո՞ւմ էր ավելի էճան, թե հիմա, երբ 52 տոկոսով զեղչվել է ջրային, ապա նաեւ երկաթուղային ճանապարհով բեռները տեղափոխելիս երկաթուղու սակագները, նախարարը պատասխանեց, որ այդ հաշվարկները չունեն. «Տարբեր մեքենաներ են, տարբեր բեռներ են, կախված բեռի քանակից»:
Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ պայմանավորվածության մեջ նշված է, որ առանձին դեպքերում բեռնափոխադրումները կարող են իրականացվել նաեւ մեքենաներով: Նա ասաց, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի իր գործընկերոջ հետ. «Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - ասաց նախարարը։
Նա նաեւ նշեց, որ եթե ճիշտ են հաշվարկները, որ ցորենը պետք է թանկանար տոննայի մեջ 50 դոլարով, ապա այս զեղչի կիրառման դեպքում, կթանկանա ընդամենը 25 դոլարով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Դա, ըստ վրացական կողմի, պայմանավորված է Վերին Լարսում մեծ հոսքի եւ կուտակումների հետ: Այդ արգելքը վերաբերում է բոլորին, այդ թվում նաեւ Վրաստանի քաղաքացիներին ու կազմակերպություններին:





























