Դժվար է այնպես անել, որ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված մարդիկ չաղտոտեն ընտրական գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանի հանրություն» ընտրական դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո ԿԸՀ-ի կողմից թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հեռանկարին:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված եւ մինչ օրս պաշտոն զբաղեցնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու նախորդ իշխանություններին ծառայած շատ մարդկանց աշխարհայացքին դեմ է ազատ ընտրությունների անցկացումը:
«Շատ դժվար է այնպես անել, որ այդ մարդիկ չաղտոտեն ընտրական գործընթացը»,-նշեց նա:
Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք այս ընտրությունները չեն դիտարկում որպես քայլ դեպի ԱԺ ընտրություններ: Նա նաեւ նշեց, որ իրենք դեմ են հանրությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու մոտեցմանը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարինե Թուխիկյանի կարծիքով էլ՝ Երեւանի ավագանու ընտրությունները թավշյա հեղափոխությանը հաջորդած առաջին լուրջ փորձությունն են: «Երկար ժամանակ մենք չենք ունեցել ազատ ընտրություններ, բոլորիս իղձն է եղել արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ընտրություններից առաջ թեկնածուները հաճախ իրատեսական ծրագրերի փոխարեն պոպուլիստական հայտարարություններ են անում, Թուխիկյանը նկատեց. «Մեր հասարակությունն այնքան գիտակից է, որ քարոզարշավին կզանազանի պոպուլիստականն իրատեսականից: Պետք է ծրագրերի մեջ ռոմանտիզմ ունենաս, որ գնան դրանց հետեւից, բայց, անշուշտ, պետք է իրատեսական ծրագիր ներկայացնել»,-ասաց նա:





























