Ռուսաստանի տարածաշրջաններում պատգամավորի 52,2 հազար թեկնածուներից գրեթե 1,2 հազարը գրանցվելիս հայտնել է դատվածություն ունենալու մասին, այդ թվում՝ հանված եւ մարված: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վերլուծելով «Ընտրություններ» Պետական ավտոմատացված համակարգի տվյալները:
«Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչների թվում դատվածության մասին հայտնել է թեկնածուների 1,5 տոկոսը (գրեթե 400 մարդ): Ամենամեծ թվով դատվածություն ունեցողները ինքնաառաջադրվածների շարքերում են՝ մոտ 4,6 տոկոս (գրեթե յուրաքանչյուր 20-րդը): ՌԴ Կոմունիստական կուսակցությունից եւ «Յաբլոկոյից» դատվածություն ունի յուրաքանչյուր 30-րդը:
Թեկնածուներն ավելի հաճախ հայտնում են, որ դատվել են գողության համար (դատվածությամբ բոլոր թեկնածուների 21,7 տոկոս), ծեծի եւ առողջությանը դիտավորությամբ վնասվածք պատճառելու (9,6 տոկոս), խուլիգանության (8,7 տոկոս), ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների (7,3 տոկոս) եւ խարդախության համար (6,2 տոկոս):
Հինգ թեկնածու հայտնել է, որ իրենց դատել են ընտրական փաստաթղթերի կեղծման համար, ընդ որում՝ նրանցից երկուսին թույլ են տվել մասնակցել առաջիկա ընտրություններին: Հանցագործությունների թվում նշվում է նաեւ պատանդ վերցնելը՝ նման դատվածությամբ թեկնածուին գրանցել են Ուլյանովսկի մարզում:
Ռուսաստանում քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 9-ին, կընտրվեն տարածաշրջանային եւ համայնքային մակարդակի ավելի քան 3,7 հազար պատգամավորներ: Ամենամեծ թվով թեկնածուներ է առաջադրել «Եդինայա Ռոսիան»՝ 27 հազար մարդ: Հաջորդում են ինքնաառաջադրվածները (8,5 հազար մարդ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (6,3 հազար) եւ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության (4 հազար) ներկայացուցիչները:





























