Ես հանձնարարել եմ արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տրվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,–նշեց նա։
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատությունն իր պաշտոնավարման պահից եղել է առաջնահերթություններից մեկը եւ իրենք գտել են այն մեխանիզմը, որով դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի. «Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաեւ տրվում է արձակուրդ եւ նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ։ Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ եւ ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու եւ չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Շանթ Հարությունյանն ասել է, որ համամիտ չէ ստորագրել այդ թուղթը
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանի ընտանիքը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի դատական իշխանության աշխատանքին. նրանք նոր դատաքննություն են ակնկալում։





























