Կիսելով գյուղացիների հուզական վիճակը եւ հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երեւանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի կոնյակի գործարանը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝  29 000 տ գնելու պարագայում:  

Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլիացիայի մակարդակը: 

Անրադառալնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ նշենք, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը:

Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ: 

Ինչ վերաբերվում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք,  որ նման շահարկումային ձեւակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարած գնի եւ քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլիացիայի մակարդակ» բանաձեւով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված եւ երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որեւէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որեւէ տույժ կամ տուգանք: 

Ընդգծենք, որ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար եւ պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար»: