Արմավիրի խաղողագործները, որոնք երեկվանից փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք պահանջում են խաղողի մթերման գինը 140 դրամից բարձրացնել 160 դրամի: Խաղողագործները պնդում են, որ մթերող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն, որ խաղողը մթերեն 160 դրամով, սակայն քանի որ ոլորտում հիմնական դերակատար Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերում է 140 դրամով, մյուս բոլորը եւս անցել են 140 դրամի:
Ցուցարարներին ընդունել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը։
Նա լուծման հեռանկարային տարբերակ է առաջարկել. «Մենք մյուս տարվա նախագծերի մեջ նաեւ նախատեսելու ենք մի փաստաթուղթ, նաեւ ՏՄՊՊՀ հետ աշխատանքով, որում փորձելու ենք ֆիքսել մինիմալ գին, որը ձեւավորվելու է գնագոյացման տարբեր գործոնները հաշվի առնելով։ Ինչպես նաեւ տալու ենք հստակ ծավալ այն գյուղատնտեսական ապրանքի, որն այսօր հանրապետության շուկան ունի՝ ոչ միայն խաղողի»,–ընդգծեց մարզպետը։
Մինչ այդ խաղողագործները խոսել են խնդրի մտահոգիչ մանրամասներից. «Նախորդ իշխանությունների օրոք մենք իմացել ենք, որ իշխանության եւ վերամշակող գործարանների շահը մեկն է՝ ինչքան հնարավոր է այս ժողովրդից փող պոկել։ Եկավ նոր իշխանություն, մտածեցինք, որ այս իրավիճակում իշխանությունները կդառնան արբիտր. բազմաթիվ անգամ նշվել է, որ՝ մենք փայ չենք մտնում։ Չեմ ուզում չհավատալ։ Բայց այսօր եկել է մի պահ, որ մթերման այս գնով հնարավոր չէ ընտանիք պահել»։
Արմավիրցի խաղողագործը ներկայացրել է առաջարկվող գնով մթերման ու նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցության իր հաշվարկը. «110 դրամ, եթե ընդունենք այսօր խաղողի ինքնարժեքը, դա հաշված է եղել 18 տարի առաջ՝ ինչքան է դրամը արժեզրկվել։ Եթե հաշվենք անգամ 110 դրամ եւ վճարված 140 դրամը, 1 հա խաղողի այգին, լավագույն բերքը, որ տալիս է մեր տարածաշրջանում 22 տոննա, չհաշված, որ պարբերաբար մեր հողերին կարկուտ է խփում, եթե հաշվենք 20 տոննա խաղողի միջին բերքատվությունը 140–ից հանենք 110 դրամ, մնում է 30 դրամ, 20 տոննա անգամ 30 անում է 600 հազար դրամ։ Հայաստանում մինիմալ սպառողական զամբյուղը մեկ շնչին ընկնող 55 հազար դրամ է՝ կենսապահպան միավոր գոյություն ունի, այսինքն անասունին էնքան կեր տան, որ չսատկի ։ 3 հոգանոց ընտանիքը ամսական պետք է ծախսի 165 հազար դրամ, տարին անում է 2 միլիոն, խաղողի այգին եկամուտ է տալիս ընդամենը 600 հազար դրամ, ես պիտի 1 միլիոն 400 հազար էլ դնեմ վրան, որ իմ նվազագույն սպառողական զամբյուղը ապահովեմ»։





























