Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպմանը այսօր՝ սեպտեմբերի 5–ին, խաղողի մթերման ցածր գների դեմ բողոքող արմավիրցի խաղողագործներից մեկը խնդրի լուծման 3 տարբերակ է առաջարկել։

«Առաջին տարբերակը՝ թող ոնց գործարանները սեփականաշնորհել են, այնպես էլ հետ առնեն ձեռքներից, սա ուտոպիստական լուծում է։ Երկրորդ՝ թող պետությունը իր միջոցներով ալտերնատիվ մրցակցային գործարաններ սարքի, հիմա մրցակցություն չկա. սա նույնպես ուտոպիստական է։ Երրորդը՝ Վրաստանի նման. պետությունը սուբսիդավորում է խաղողի գինը, եթե գործարարը տալիս է 140 դրամ, պետությունը սուբսիդավորի մնացած 20 դրամը։ Մոտավոր հաշվարկով, եթե 100 հազար տոննայի մթերում ունենք, 20 դրամը եթե սուբսիդավորի, անում է 2 միլիարդ դրամ»,– պարզաբանեց արմավիրցի խաղողագործը։

Նա հավելեց, որ խաղողի բերքը այնքան մեծ չէ, որքան հայտարարում են. «Որ ասում են՝ 200 հազար տոննա խաղող կա, սուտ են ասում։ Հայաստանում խաղողի տեխնիկական սորտի բերքատվությունը 80–100 հազար տոննա է՝ լավագույն տարիներին։ Դրանք դրսից ներկրվածների հաշվին ուռճացված թվեր են։ Հետո հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Հրաչ Բերբերյանը, սամազվանեցի մեկը, ասաց, որ խաղողի բերքը աննախադեպ է։ Կոնկրետ մեր գյուղում, որն ավանդական խաղողագործության գյուղ է, բերքի 70 տոկոսը չկա՝ հիվանդությունների եւ կարկտահարության պատճառով»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի խաղողագործները, որոնք երեկ փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին, այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք պահանջում են խաղողի մթերման գինը 140 դրամից բարձրացնել 160 դրամի: Խաղողագործները պնդում են, որ մթերող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն, որ խաղողը մթերեն 160 դրամով, սակայն քանի որ ոլորտում հիմնական դերակատար Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերում է 140 դրամով, մյուս բոլորը եւս անցել են 140 դրամի: