Այս օրինագծով նախատեսվում է առգրավման ոչ ենթակա ֆինանսական միջոցների ցանկի մեջ ներառել զորակոչով շտապ զինծառայություն անցնող շարքային անձնակազմի զինծառայողների, ինչպես նաեի ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայական կազմի դրամական միջոցները: Այս մասին սեպտեմբերի 5-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է այս ցանկի մեջ ներառել նաեւ ռազմա-կրթական հաստատությունների եւ Ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտներին: Առաջարկվում է այդ միջոցները դիտարկել որպես պատվավոր վճարում: «Օրինագիծն ուղղված է պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողների, ինչպես նաեւ ռազմական ու ոստիկանական ուսումնական հաստատությունների կուրսանտների սոցիալական երաշխիքների ապահովմանը»,- պարզաբանեց պաշտպանության փոխնախարարը:

Ղամբարյանը հավաստիացրեց, որ խոսքն աննշան միջոցների մասին է, որոնք ամեն ամիս պետության կողմից 3500 դրամի չափով վճարվում են շարքային անձնակազմին:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: