Այս օրինագիծը մշակվել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Այս մասին սեպտեմբերի 5-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի այն հարցին, թե ով է աշխատել տվյալ օրինագծի մշակման վրա:
Այս օրինագծով, մասնավորապես, որոշ հանցագործությունների կատարման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվության խստացում: Ընդ որում՝ որոշ գործողություններ հատկապես քրեորեն պատժելի կդառնան: Մասնավորապես՝ եթե քաղաքացին քվեարկի երրորդ անձանց ներկայությամբ: Դրանից բացի, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել հանրապետությունում ընտրարշավի անցկացման ժամանակաշրջանում բարեգործության համար:
Օրինագիծը քննադատելով՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մասնագիտական տեսանկյունից այն զգալի թերություններով է պատրաստվել: Նրա կարծիքով՝ այս ամենը կարող է խառնաշփոթ եւ որոշակի դժվարություններ առաջացնել: Սակայն, չնայած խիստ «դիտողությանը», պատգամավորն ընդհանուր առմամբ ողջունեց ընտրություններում դիտավորյալ խախտումների համար պատժի խստացման նախաձեռնությունը:





























